Jump to Content

Google-ի առաքելությունն է՝ օգնել ձեզ բացահայտել աշխարհը և այն ուսումնասիրել նորովի՝ տպավորիչ ու ստեղծագործական լուծումներով։ Մեր հարթակներում առկա պատկերները նպատակ ունեն հարստացնել Քարտեզներից օգտվելու ձեր փորձառությունը՝ օգնելով նախադիտել և բացահայտել վայրեր մոտակայքում ու ամբողջ աշխարհում։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր լուսանկարները պարունակեն օգտակար տեղեկություններ և արտացոլեն մեր օգտատերերի հետաքրքրությունները։

Լուսանկարները նաև աջակցում են ԱԲ միջոցով նոր փորձառությունների ստեղծմանը։ Այն կօգնի ձեզ ուսումնասիրել աշխարհը նորարարական թվային բովանդակության միջոցով՝ խթանելով ստեղծագործական նոր ձևեր և բացահայտումներ։ Google-ը պարտավորվում է պատասխանատվությամբ օգտագործել այս պատկերները ԱԲ տեխնոլոգիաներում՝ համաձայն մեր գաղտնիության կանոնների պարտավորությունների։

Street View-ի պատկերները կարող են ստեղծվել օգտատերերի կամ Google-ի կողմից: Յուրաքանչյուր պատկերի հետ ներկայացված հեղինակի անվան կամ պատկերակի միջոցով դուք կարող եք հասկանալ, թե ով է լուսանկարել այն: Օգտատիրոջ լուսանկարած և Google Քարտեզներում տեղադրված պատկերները տվյալ օգտատիրոջ սեփականությունն են (կամ այն անձի, ում նա փոխանցի իր հեղինակային իրավունքը):

Այս էջում ներկայացված են Google-ի սեփական Street View պատկերների հրապարակման կանոնները։ Օգտատերերի ստեղծած Street View պատկերների նկատմամբ գործող պահանջներին կարող եք ծանոթանալ Քարտեզներում օգտատերերի բովանդակության հրապարակման քաղաքականությանը.

Google-ի սեփական Street View պատկերների հրապարակման կանոններ

Մենք կարևորում ենք մեր օգտատերերի գոհունակությունը և նրանց շահերը պաշտպանելու նպատակով մշակել ենք Google-ի սեփական Street View պատկերների համար կիրառելի այս կանոնները։ Դրանք մասնավորապես բացատրում են բովանդակության սահմանափակումները և Google Քարտեզներում Street View պատկերների հրապարակման չափանիշները։ Մեր կանոնները ժամանակ առ ժամանակ կարող են փոխվել, ուստի խորհուրդ ենք տալիս հետևել վերջին թարմացումներին։

Street View-ի պատկերներն իրական ժամանակում չեն

Street View-ի լուսանկարներում փողոցները ցուցադրված են նկարահանման պահին։ Սովորաբար այդ պատկերները մշակելու համար ամիսներ են պահանջվում։ Դա նշանակում է, որ հրապարակված պատկերները ստեղծվել են մի քանի ամիս կամ նույնիսկ մի քանի տարի առաջ։ Երկար տարիների ընթացքում պարբերաբար լուսանկարված վայրերի փոփոխությունները կարող եք դիտել մեր Ժամանակի մեքենա գործառույթի միջոցով։.

Գաղտնիություն, շաղում և պատկերների օգտագործում ԱԲ-ի համար

Google-ը քայլեր է ձեռնարկում Street View պատկերներում հայտնված անձանց գաղտնիությունը պաշտպանելու համար ինչպես Google Maps-ում, այնպես էլ այդ պատկերները ԱԲ-ի նոր հնարավորություններ մշակելու նպատակով օգտագործելիս։

Ավտոմատ պաշտպանություն գաղտնիության համար․ մենք մշակել ենք դեմքերի և ավտոմեքենաների համարանիշների քողարկման ժամանակակից տեխնոլոգիա, որը նախատեսված է Street View-ում Google-ի սեփական պատկերներում ճանաչելի դեմքերը և պարզ երևացող համարանիշները քողարկելու համար։

Street View-ի օգտագործումը գեներատիվ ԱԲ-ի համար․ մենք օգտագործում ենք Street View-ի պատկերները՝ մեր հզոր գեներատիվ ԱԲ մոդելներին (օրինակ՝ Gemini-ը, Nano Banana-ն և Veo-ն) ուսուցանելու և դրանց հրահանգներ տալու համար, որպեսզի դրանք արժեքավոր գործիքներ տրամադրեն, օրինակ՝ օգնեն մեր օգտատերերին և գործընկերներին ստեղծել նորարարական թվային բովանդակություն, որը վերաիմաստավորում է իրական աշխարհի տեսարանները։ Գեներատիվ հարցումների համար օգտագործվող պատկերները լրացուցիչ ավտոմատ ֆիլտրում են անցնում, օրինակ՝ հեռացվում են ամբողջական մարմինները և տրանսպորտային միջոցները, որպեսզի պահպանվեն գաղտնիության մեր խիստ չափանիշները և նվազագույնի հասցվի անձը նույնականացնող և զգայուն տեղեկությունների առկայությունը ԱԲ-ի կողմից գեներացված պատկերներում։

Լրացուցիչ շաղում պահանջելու դեպքում. եթե լուսանկարում պատկերված դեմքը կամ համարանիշը լրացուցիչ շաղում է պահանջում, կամ եթե ուզում եք ամբողջովին շաղել ձեր տունը, մեքենան կամ ձեզ, դիմեք մեզ՝ օգտագործելով «Հաղորդել խնդրի մասին» գործիքը։ Մենք կատարում ենք նման հայտերը՝ քողարկում կիրառելով հրապարակված Street View պատկերի բոլոր պատճենների նկատմամբ։

Քողարկում և ԱԲ-ի միջոցով ստեղծված բովանդակություն․ երբ մենք ստանում և կիրառում ենք քողարկման նոր հայտ, մենք նաև ապահովում ենք, որ նոր քողարկված Street View պատկերը հետագայում բացառվի գեներատիվ ԱԲ-ի հարցումներից՝ հարգելով ձեր գաղտնիության ընտրությունը։ Սակայն նոր պահանջները չեն ազդում ԱԲ-ի կողմից գեներացված այն պատկերների վրա, որոնք արդեն ստեղծվել կամ հրապարակվել են երրորդ կողմերի կողմից։

Անպատշաճ բովանդակություն

Դուք կարող եք հայտնել անպատշաճ բովանդակության մասին՝ անցնելով "Հաղորդել խնդրի մասին" հղումով։ Բովանդակության հետևյալ կատեգորիաները համարվում են անպատշաճ՝ բացառությամբ այն լուսանկարների, որոնք ունեն գեղարվեստական, ուսուցողական և վավերագրական արժեք։

Մտավոր սեփականության իրավունքի խախտում

Արգելվում է հրապարակել պատկերներ կամ որևէ այլ բովանդակություն, որը խախտում է այլ անձանց օրինական իրավունքները, այդ թվում՝ հեղինակային իրավունքը։ Լրացուցիչ տեղեկություններ ստանալու կամ DMCA-ի (ԱՄՆ Թվային հազարամյակում հեղինակային իրավունքի մասին օրենք) խախտման վերաբերյալ բողոք ներկայացնելու համար ծանոթացեք հեղինակային իրավունքի պահպանման ընթացակարգերին:

Սեռական բնույթի բովանդակություն

Արգելվում է սեռական բնույթի բովանդակության հրապարակումը։

Ապօրինի, վտանգավոր կամ բռնության տեսարաններով բովանդակություն

Արգելվում է տեղադրել բովանդակություն, որն ապօրինի բնույթ է կրում, խթանում է վտանգավոր կամ հանցավոր գործողություններ կամ պարունակում է բռնության տեսարաններ։

Ոտնձգություն և սպառնալիքներ

Չի թույլատրվում օգտագործել Street View-ն՝ այլ օգտատերերի հետապնդելու, ահաբեկելու կամ սպառնալու նպատակով։

Ատելության խոսք

Արգելվում է հրապարակել բովանդակություն, որն անհանդուրժողականություն է քարոզում կամ խրախուսում որոշակի անձի կամ անձանց խմբերի նկատմամբ՝ ռասայական կամ էթնիկական պատկանելիության, կրոնի, հաշմանդամության, սեռի, տարիքի, ազգության, վետերանի կարգավիճակի, սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիման վրա։

Ահաբեկչական բովանդակություն

Մեր կանոններն արգելում են ահաբեկչական կազմակերպություններին օգտագործել այս ծառայությունը ցանկացած նպատակով, այդ թվում՝ մարդկանց հավաքագրման համար։ Մենք նաև հեռացնում ենք ահաբեկչությանն առնչվող բովանդակությունը, մասնավորապես՝ ահաբեկչական գործունեությունը քարոզող, բռնության կոչ անող և ահաբեկչական հարձակումները գովաբանող նյութերը։

Երեխայի կյանքի վտանգում կամ նրա իրավունքների խախտում

Google-ը կտրականապես արգելում է երեխաներին շահագործող կամ վիրավորող բովանդակությունը։ Google-ի ծառայություններում խստիվ արգելվում է երեխաների մասնակցությամբ սեռական բնույթի պատկերներ հրապարակել։ Եթե նկատեք որևէ բովանդակություն, որն ըստ ձեզ շահագործում է երեխաներին նկարագրված ձևով, մի՛ կիսվեք և մի՛ մեկնաբանեք այն՝ անգամ Google-ի ուշադրությունը գրավելու համար։ Եթե այդպիսի բովանդակություն հայտնաբերեք այլ կայքերում, ուղղակիորեն դիմեք ԱՄՆ Անհայտ կորած և շահագործվող երեխաների հարցերով պետական կենտրոն (NCMEC)։

Անձը նույնականացնող տեղեկություններ

Չի թույլատրվում հրապարակել բովանդակություն, որը պարունակում է անձը նույնականացնող տեղեկություններ, օրինակ՝ բանկային քարտի տվյալներ, բժշկական կամ անձը հաստատող փաստաթղթեր։