Ինչպես Street View-ի շնորհիվ Autori ընկերությունը հեղափոխություն արեց Ֆինլանդիայում ավտոճանապարհների վերանորոգման ոլորտում
Ճանապարհների ծածկույթի որակը, հնացած նշանները և փողոցների վատ լուսավորությունը խնդիրներ են, որոնց դեմ ամեն օր ամբողջ աշխարհում պայքարում են վարորդներն ու համայնքապետարանները։ Ֆինլանդական Autori ընկերության մասնագետները, որոնք համակարգչային ծրագրեր են մշակում ենթակառուցվածքների սպասարկման ոլորտում, հարմար լուծում գտան Street View-ի միջոցով ճանապարհների վիճակի վերաբերյալ տվյալների հավաքման և վերլուծության համար։
40 000 կմ
լուսանկարված տարածք
8 միլիոն
հրապարակված պատկեր
50 միլիոն
դիտում
նկարահանման նախագիծ
20
ճանապարհների համար
Ֆինլանդիայում ավտոճանապարհների վերանորոգման աշխատանքների կառավարման օպտիմալացում
1988 թվականին հիմնադրված Autori ընկերությունը SaaS լուծումներ է մշակում Ֆինլանդիայի ճանապարհային մարմինների, կապալառուների և խորհրդատուների համար։ Ընկերության ծրագրերը կիրառվում են ճանապարհների վիճակի վերահսկման, ինչպես նաև վերանորոգման աշխատանքների պլանավորման և կոորդինացման համար։ Ճանապարհների վիճակի վերահսկողությունը երկրի մասշտաբով շատ ժամանակ և ֆինանսական միջոցներ է պահանջում, սակայն Autori-ի մասնագետներին հաջողվեց օպտիմալացնել այս գործընթացը։ Street View-ում հրապարակած իրենց պատկերների և SaaS լուծումների հիման վրա նրանք ստեղծեցին գործիք, որը թույլ տվեց ավելի արդյունավետ դարձնել Ֆինլանդիայում ճանապարհների վերանորոգման ենթակառուցվածքի տվյալների կառավարումը և որոշումների ընդունումը։
Տվյալների հավաքման և փոխանակման օպտիմալացում
Նախկինում ճանապարհների կառավարման մարմինները պետք է անձամբ ստուգեին յուրաքանչյուր ճանապարհ՝ որոշելու, թե ինչ աշխատանքներ է հարկավոր իրականացնել որոշակի վայրերում։ Նրանք հազարավոր կիլոմետրեր էին անցնում և հաճախ կանգ առնում՝ նշումներ անելու համար։ Դա ոչ միայն վնաս էր պատճառում շրջակա միջավայրին, այլև պահանջում էր մեծ ծախսեր, ժամանակ և ռեսուրսներ։ Թվային և էկոլոգիապես ավելի անվտանգ լուծման անհրաժեշտությունը ստիպեց Autori ընկերության աշխատակիցներին ոչ ստանդարտ կերպով մտածել։ Լուծումը Street View-ն էր՝ որպես ճանապարհների վիճակի մասին վիզուալ տեղեկությունների կառավարման միջոց։
Ճանապարհների սպասարկման ոլորտում հաճախ պահանջվում է ահռելի քանակի տվյալների փոխանակում տարբեր մասնակիցների միջև։ Street View-ն ունի բոլոր անհրաժեշտ գործիքները, որոնք կարելի է օգտագործել այդ նպատակով։ Ծառայությունը հասանելի է բոլոր նրանց, ովքեր ունեն սմարթֆոն, և չի պահանջում գրանցում կամ ծրագրերի տեղադրում։ Street View-ն արդեն օգտագործվել էր ճանապարհների վերանորոգման համար, սակայն կար մի կարևոր խնդիր՝ տվյալների արդիականության պահպանումը։ Մենք հնարավոր գտանք լուծել այն՝ ինտեգրելով Street View-ն ճանապարհների վերանորոգման համար նախատեսված մեր ծրագրում։
Առցանց ծառայությունների ինտեգրումը ճանապարհների սպասարկման համակարգում
2017 թվականի սկզբին Autori-ի աշխատակիցները սկսեցին լուսանկարել և Street View վերբեռնել Ֆինլանդիայի պետական ճանապարհների 360° լուսանկարներ ՝ օգտագործելով ընկերության Google հաշիվը։ Այդ ժամանակից ի վեր նրանք նկարահանել են 40 000 կմ երկարության պետական ճանապարհներ և վերբեռնել 8 միլիոն պատկեր, որպեսզի ճանապարհների վերանորոգումը հնարավոր լինի կառավարել առցանց եղանակով։ Ինտեգրելով Street View-ն իրենց SaaS լուծումներում՝ նրանք օգնեցին պետական մարմիններին հեռակա կարգով արդիական տեղեկություններ ստանալ ճանապարհների վիճակի մասին։
Շնորհիվ Street View-ում հրապարակված Autori-ի պատկերների կարելի է ստեղծել բացակայող ճանապարհային նշանների, սխալ գծանշումների և փոսերի մասին հաշվետվություններ։ Այս տեղեկությունները պետական ճանապարհային մարմինները ստանում են իրենց գրասենյակներում՝ Autori-ի ծրագրի վահանակի միջոցով։ Բացի այդ՝ Autori-ի ճկուն լուծումը թույլ է տալիս կապալառուներին պլանավորել վերանորոգման աշխատանքները և հետևել դրանց կատարմանը՝ մեկ տեղում։ Աշխատանքների ավարտից հետո աշխատակիցները նոր 360° լուսանկարներ են անում և վերբեռնում, որպեսզի ճանապարհների վիճակի մասին տվյալները միշտ արդիական լինեն։ Այս հնարավորությունը զգալիորեն կրճատեց ճանապարհներն անձամբ ստուգելու անհրաժեշտությունը, ինչը խնայում է ժամանակն ու միջոցները, ինչպես նաև նվազեցնում է ջերմոցային գազերի արտանետումները։
Հեղափոխություն ավտոճանապարհների սպասարկման ոլորտում
Street View-ի շնորհիվ Autori ընկերությունը բարելավեց տեղեկությունների հավաքման և փոխանակման համակարգը Ֆինլանդիայի ճանապարհների կառավարման մարմինների համար, ինչն իր հերթին կրճատեց ծախսերը և բարձրացրեց աշխատանքի արդյունավետությունը։ Գիտակցելով, թե ինչ ազդեցություն կարող է գործել նման մոտեցումը ամբողջ աշխարհում, Autori ընկերությունն այժմ աշխատում է ճանապարհային տվյալների հավաքման և փոխանակման ստանդարտացված մոդելի մշակման ուղղությամբ։ Բացի այդ՝ ընկերությունն օգնեց նվազեցնել երկրի ածխածնի հետքը՝ լուսանկարելով 1000 կմ հեծանվային և հետիոտնային արահետներ։ Ֆինլանդիայի բնակիչներին ավելի հեշտ դարձավ երթևեկել էկոլոգիապես մաքուր եղանակով։ Autori-ի մասնագետները նաև պլանավորում են այս ամառ վերսկսել նկարահանումները՝ ընդգրկելով ևս 15 000 կմ ճանապարհ։ Այսպիսով՝ Ֆինլանդիայի պետական ճանապարհների գրեթե կեսը Street View-ում կհրապարակվեն մեկ ընկերության կողմից։
Autori-ի հաջողությունը միայն մեկ օրինակ է այն բանի, թե ինչպես են ընկերությունները բարդ խնդիրներին եզակի լուծումներ տալիս Street View-ի միջոցով։ Սա պարզապես ֆոտոքարտեզագրման գործիք չէ։ Այն կարող է շատ օգտակար լինել ձեր բիզնեսի համար։ Պատրա՞ստ եք գրել ձեր հաջողության պատմությունը Street View-ում։